ՌԴ-ն ու Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի հարցով դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն ստեղծելու մասին, որը կմասնակցի «համատեղ խաղաղապահ առաքելությանը»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի մասին համաձայնագրի մանրամասները։

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները մեկ օրում 2–րդ անգամ են խոսել Ղարաբաղից

«Մենք արդեն վաղը սպասում ենք ռուսական պատվիրակությանը՝ համաձայնագրի մանրամասները քննարկելու համար», -ասել է Չավուշօղլուն Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն ստեղծելու մասին, որը կմասնակցի «համատեղ խաղաղապահ առաքելությանը»:

Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում` մոնիթորինգային կենտրոն ստեղծելու միջոցով, իսկ «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի գնացել»:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը բաղկացած է լինելու 1960 զինծառայողներից. ՌԴ ՊՆ

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։