ՌԴ դեսպանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Քննարկվել է Արցախի խնդիրն ու Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին այսօր այցելել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Ռուս խաղաղապահների ևս 4 օդանավ է ժամանել Երևան

«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:                                             

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։