Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

եռակողմ հայտարարությունը ստորագրել են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցության, ու Ֆրանսիան շատ հարցեր ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը դեսպանատան մոտ հավաքված հադրութցիներին ասաց, որ Ֆրանսիան ոչինչ չգիտեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախապատրաստվող հայտարարության մասին։

Մակրոնը ՀՀ ներկայացուցչության հետ կքննարկի հայտարարությունը. Լաքոտը` հադրութցիներին

Նշենք, որ այսօր հադրութցիները հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ խնդրելով օգնել քաղաքը վերադարձնել Արցախին, քանի որ համաձայն եռակողմ հայտարարության ՝ Հադրութն այսուհետ լինելու է Ադրբեջանի տարածքում։

«Ես Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին տեղեկացա Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումից և շատ զարմացա։ Տեղեկությունն անմիջապես փոխանցեցի Փարիզի իմ գործընկերներին, որոնք ևս առաջին անգամ էին լսում եռակողմ հայտարարության մասին։ Այդ հայտարարությունը ստորագրել են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի մասնակցության, և մենք շատ հարցեր ունենք», - ասաց դեսպանը։

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության դրական կողմը կրակի դադարեցումն է և երիտասարդ զինվորների կյանքը փրկելը։ Բայց նրա, ինչպես և պաշտոնական Փարիզի համար պարզ չէ, թե ինչի մասին է այդ հայտարարությունը` զինադադարի՞, թե՞ երկարաժամկետ խաղաղության։

Գերեզմանին ծաղիկ դնելու հնարավորություն չկա․ հադրութցիները պահանջում են չզրկել իրենց տնից

Նա հիշեցրեց նախագահ Մակրոնի այն հայտարարությունը, որ Ֆրանսիան կօգտագործի իր դիվանագիտական հնարավորությունները բոլոր հարցերի պատասխանները ստանալու և հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար:

Բացի դիվանագիտական բանակցություններից, Ֆրանսիան քննարկում է նաև Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնության հնարավորությունները:

«Մեր դեսպանության դռները միշտ բաց են ձեզ համար։ Դուք կարող եք գալ ու հանգիստ արտահայտել ձեր զգացմունքներն ու հույզերը», - ասաց դեսպանը հադրութցիներին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։