Լեռնային Ղարաբաղում ոչ մի թուրք խաղաղապահ չի լինի․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնը կաշխատի հեռահար ռեժիմով՝ անօդաչու սարքերի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Թուրք դիտորդները մշտապես գտնվելու են դիտորդական կենտրոնում, նրանք Ղարաբաղ չեն մտնելու։ Այդ մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Անկարան կրկին հայտարարում է Արցախում թուրք խաղաղապահների մասին, Մոսկվան կրկին հերքում է

Ընդ որում, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնը, անօդաչու սարքեր օգտագործելով, կաշխատի հեռահար ռեժիմով։

«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում Լեռնային Ղարաբաղ չի մեկնի», - հավելել է նա:

Նախարարը պարզաբանել է, որ կենտրոնն աշխատելու է բացառապես հեռահար ռեժիմով՝ օգտագործելով օբյեկտիվ վերահսկողության տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հստակեցնել իրավիճակը Ղարաբաղում, առաջին հերթին` շփման գծում, և որոշել, թե որ կողմն է պահպանում, իսկ որը կարող է խախտել հրադադարի և բոլոր մարտական գործողությունների պայմանները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին հուշագիր են ստորագրել, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»։

Ռուս խաղաղապահների հերթական շարասյունը մեկնել է Արցախ. տեսանյութ

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահների տեղակայման կետը ներառված է նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հայտարարության տեքստում։