ԿԳՄՍՆ–ն հայտնում է` երբվանից և ինչպես կվերսկսվի ուսումնական գործընթացը

Բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական հաստատություններն ուսուցումը կկազմակերպեն հեռավար եղանակով, բացառությամբ որոշ մասնագիտություններով գործնական պարապմունքների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 13-ից Հայաստանում վերսկսվում է ուսումնական գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ռուսաստանում և Հայաստանում կփորձարկեն COVID-ի առկայության ստուգման սարքը

Բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ուսուցումը կիրականացվի հեռավար եղանակով, բացառությամբ որոշ մասնագիտություններով գործնական պարապմունքների, որոնք կկազմակերպվեն կիսամյակի վերջում և կանցկացվեն հաստատված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Ինչ վերաբերում է դպրոցներին, այն համայնքներում, որտեղ գործում է  ներհամայնքային տրանսպորտ, 5-12-րդ դասարանների ուսուցումը կիրականացվի հեռավար կարգով։ Իսկ տրանսպորտ չունեցող համայնքների 5-12-րդ դասարաններում ուսուցումն իրականացվելու է դպրոցում` սահմանված սանիտարական նորմերով (անհատական պաշտպանիչ միջոցներ, ջերմաչափում)։

1-4-րդ դասարաններում ուսուցումը հեռավար կազմակերպելը նախարարությունը նպատակահարմար չի գտնում, հետևաբար առաջարկում է այն իրականացնել առկա տարբերակով` վերոհիշյալ նորմերի պահպանմամբ։

Ինչ է սպասում դպրոցականներին աշնանային արձակուրդից հետո․ մանրամասնում է ԿԳՄՍ փոխնախարարը

Նախադպրոցական հաստատություններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռավար տարբերակն անհնար է կիրառել, իսկ գործունեության դադարեցումը բազմաթիվ ընտանիքների համար լրացուցիչ սոցիալ-տնտեսական խնդիրներ կառաջացնի, նախարարությունը որոշել է նոյեմբերի 13-ից վերսկսել նախադպրոցական հաստատությունների գործունեությունը։

Արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցներում ևս դասերը առկա եղանակով կվերսկսվեն նոյեմբերի 13-ից (վերոհիշյալ պատճառաբանությամբ)։

Հայ աշակերտն ԱՄՆ-ում շախմատի օգնությամբ դրամահավաք է կազմակերպել Արցախին օգնելու համար

Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված հազարավոր երեխաների կրթության, պատերազմական և հետպատերազմյան պայմաններում երեխաների զարգացման, հոգեկան առողջությունն ու անհրաժեշտ աջակցության նպատակով, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական հոգեբանների ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստումներ։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում էր կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ:

Նախատեսվածից 2 շաբաթ ավելի արձակուրդից հետո ուսումնական տարին կավարտվի մի փոքր ուշ` հունիսի 18-ին, իսկ առաջին կիսամյակը կամփոփվի հունվարի 31-ին։ Դա չի վերաբերում 12-րդ դասարանցիներին. նրանք ուսումնական տարին կամփոփեն հունիսի 4-ին։