ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
«Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը: Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»,–գրել է Արոնյանը:
Նոյեմբերի 11–ին հայ գրոսմայստերը 1/8 եզրափակիչում մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և հաղթեց 14:11 հաշվով:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը դուրս է եկել Speed Chess Championship մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:
Ավելի վաղ Արոնյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ չի կարող լռել, քանի որ իր հայրենիքը հարձակման է ենթարկվում։ Արոնյանը վստահություն էր հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, որոնք ենթադրում են երկխոսություն, այլ ոչ թե այս կամ այն պայմանի առաջադրում:
«Իմ ազգի համար». հաղթական խաղից հետո Մխիթարյանը լուսանկար է հրապարակել