«Եկեք լինենք միասնական, լինենք մի բռունցք, ամեն ինչ դեռ առջևում է». Սասուն Միքայելյան

Միքայելյանը նշել է, որ մենք դեռ պատերազմի մեջ ենք, եթե տրվենք քաղաքական սադրանքների, ավելի մեծ կորուստների առջև կկանգնենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մենք` երկրապահներս, թերևս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում և չենք փորձում ուրախացնել մեր թշնամուն ներքաղաքական անկայունությամբ: Դարերի պատմություն ունեցող մեր ազգի ամենամեծ սխալը, ամենամեծ ամոթալի էջը կլինի, եթե մենք չսթափվենք և չսկսենք համախմբված ու միասնական գործել»,–ասված է Միքայելյանի հայտարարության մեջ:

«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին

Նա նշել է, որ այն «դուխով», որով ԱԺ դահլիճն էիք ջարդում, այ հենց էդ դուխով եթե զինվորի կողքին կանգնեիք՝ պատկերը լիովին այլ կլիներ:

«Մենք դեռ պատերազմի մեջ ենք, պահպանե՛ք հանգստություն: Եթե տրվենք քաղաքական սադրանքների, մենք ավելի մեծ կորուստների առջև կկանգնենք»,–գրել է նա:

Միքայելյանը հիշեցրել է, որ ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական պարտադրված պատերազմի այս օրերին էլ Երկրապահ կամավորականներն առաջին իսկ օրից համախմբված վաշտերով ռազմաճակատում էին, իրենից սերված մեր փառապանծ բանակի, զինվորի հետ առաջնագծում էին:

«Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք, մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր»,–տեղեկացրել է ԵԿՄ նախագահը:

Նա նշել է, որ խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջև: Հպարտանում է նրանցով, նրանց  քաջ զավակներով:

«Մենք ուժեղ ենք, մենք անպարտ ենք, երբ միասնական ենք: Խնդրում և պահանջում եմ՝ եկե՛ք լինենք միասնական, լինենք մի բռունցք, ամեն ինչ դեռ առջևում է»,–գրել է նա:

Վերջում Սասուն Միքայելյանը  խնդրել է արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք և շարունակել շենացնել այն: Նա խոստացել է, որ Արցախ աշխարհն ու արցախցուն երբեք մենակ չենք թողել և չենք թողնի:

«Այո, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։