ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), ԱՄՆ-ին կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։ Հոլովակը հրապարակել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը։
«Կորոնավիրուսի համաճարակի և ԱՄՆ ընտրությունների հետ մեկտեղ աշխարհում տեղի է ունենում նաև հայերի էթնիկ զտում։ Ադրբեջանն ու Թուրքիան ստիպում են հայերին թողնել իրենց տները, հայրենի հողը Արցախում։ Հիմա բարկանալու ժամանակը չէ, եկել է գործելու ժամանակը», - ասել է Շերը։
Նա կոչ է արել ամերիկացիներին զանգահարել իրենց սենատորներին և նրանցից պահանջել դադարեցնել Ադրբեջանի ֆինանսական աջակցությունը և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։
«ԱՄՆ-ն ինքը փողի կարիք ունի, ինչո՞ւ ամերիկացի հարկատուները պետք է վճարեն այդ ավտորիտար երկրներին օգնություն տրամադրելու և զենք գնելու համար»,–հարցրել է երգչուհին։
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Նա նաև կոչ է արել իր հետևորդներին կապ հաստատել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ ՝ պարզելու, թե ինչպես կարող են արդարություն պահանջել սենատորներից:
Երգչուհին հիշեցրել է, որ Հայաստանում և Արցախում հայերին դեռ ֆինանսական օգնություն է պետք և խնդրել է նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։