«Իրենք չեն գալիս». խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը տապալվեց

Աժ նիստ գումարելու համար ընդդիմությանը չի հաջողվել անհրաժեշտ քանակով ձայներ ապահովվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ԱԺ խորհրդի անդամների անհրաժեշտ թվով ձայներ չեն հավաքվել: Այս մասին խորհրդարանի շենքի դիմաց` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիան լուսաբանող լրագրողներին հայտնեց ԲՀԿ անդամ, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Խորհրդի կազմը համալրելու համար անհրաժեշտ էր ևս 4 պատգամավորի ներկայություն: Իրենք չեն գալիս»,- ասաց Պետրոսյանը՝ նկատի ունենալով ԱԺ իշխող մեծամասնությանը:

Նա նաև նշեց, որ ՀՀ-ում խորհրդարանական ճգնաժամ կա և «Իմ քայլի» պատգամավորները, լինելով մեծամասնություն, չարաշահելով իրենց կարգավիճակը, չեն ներկայանում: Հիմա մենք չենք կարողանում նիստ գումարել»,- ասաց Պետրոսյանը՝ պահանջելով իրենց իշխանական գործընկերներից գալ ԱԺ:

«Էսի Նիկոլի ոճն ա». ԱԺ-ի մոտ ոստիկանների ուղղությամբ ծխարձակող պայթուցիկ նետեցին

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ։

Քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար հանհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն, իսկ նիստը կայանալու համար՝ 67 պատգամավորի մասնակցություն։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

«Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը». Էդուարդ Աղաջանյան

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։