Ոստիկանների կուտակումներ և բերման ենթարկվածներ. Ազատության հրապարակում իրարանցում է

Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով Ազատության հրապարակում նախանշված հանրահավաքի իրականացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ազատության հրապարակում այսօր նախանշված 17 կուսակցությունների հանրահավաքին եկած անձանց ոստիկանները բերման են ենթարկում։

Նշենք, որ հանրահավաքը պետք է կայանա ժամը 13-ին, սակայն մինչ այդ հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։ Նրանք լրագրողներին նույնպես չթույլատրեցին տեղադրել իրենց տեխնիկան։

Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանը և Միհրան Պողոսյանը։ Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով Ազատության հրապարակ մտնել, իսկ ում էլ հաջողվում է ներս մտնել, բերման են ենթարկում։

Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ամբողջական կորուստ կունենայինք. Փաշինյան

Բերման ենթարկվածների թվում են նաև իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական Վարդան Ոսկանյանը, ՀՀԿ–ական Կարինե Աճեմյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Ի դեպ, ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք, որ 17 կուսակցություններ այսօր ժամը 13:00-ին որոշել են Ազատության հրապարակում հանրահավաք իրականացնեն, թեման` պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են լինելու։ Մինչ այդ, 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

 

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ