Վարչապետն ԱԱԾ գունդ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի տուն. Նաիրա Զոհրաբյան

Ավելի վաղ ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանին բերման են ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ գունդ է ուղարկում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տուն։ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հայտնի է` քանի մարդ է բերման ենթարկվել Ազատության հրապարակից

«Փաշինյանն ԱԱԾ գունդ է ուղարկում Ծառուկյանի տուն, որ իբր այնտեղ է իրականացվում այս ողջ գործընթացը։ Փաշինյանը փորձում է բոլորիս կալանավորել և ի՞նչ է ուզում դրանով ասել` մենք պետական դավաճաննե՞ր ենք»,–ասաց Զոհրաբյանը։

Նա դիմեց վարչապետի կնոջը` Աննա Հակոբյանին, ասելով, որ բռնի ամուսնու ձեռքը և թույլ չտա մեր տունը հանձնել Ադրբեջանին։

Ավելի վաղ ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանին բերման են ենթարկել։ Նա ԱԱԾ–ում է։

Հիշեցնենք, որ հայաստանյան 17 կուսակցություններ այսօր` նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։