«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ»․ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Օնիկ Գասպարյանի խոսքով՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները նման որոշում է կայացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարությունը ստորագրելու որոշումը կայացրել է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի առաջարկությամբ: Այս մասին Գասպարյանն ասել է «Հայկական ժամանակի» հետ զրույցում։

«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների սա պետք է միանշանակ ընդունել և հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում անկախ բոլոր շահարկումների: Սա շատ դառն էր բոլորիս համար, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- ասել է գեներալ-գնդապետը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ոստիկանների կուտակումներ և բերման ենթարկվածներ. Ազատության հրապարակում իրարանցում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ