ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԱԾ-ից դուրս գալուց հետո նրան նորից հետ են հրավիրել: Այս մասին ցուցարարներին տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Մինչ այդ Վանեցյանը ԱԱԾ շենքի մուտքի մոտ լրագրողներին տեղեկացրել է, որ ԱԱԾ է հրավիրվել՝ հարցաքննության համար և ունի վկայի կարգավիճակ՝ ռազմական դրության ընթացքում արգելված տեղեկություն հրապարակելու գործով։
Հիշեցնենք՝ այսօր Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ ծանուցվել է ԱԱԾ ներկայանալու համար ու հանրահավաքի ավարտին պատրաստվում է գնալ այնտեղ: Բայց ավելի ուշ որոշել էր ներկայանալ մինչ աշխատանքային օրվա ավարտը ու չսպասելով բողոքի ակցիայի ավարտին հեռացել էր Բաղրամյան պողոտայից՝ հայտարարելով, որ գնում է ԱԱԾ:
Ավելի վաղ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ տեղեկացրել էր, որ բերման է ենթարկվել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։
Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։