Ճանապարհները փակել են, որ մարդիկ չգան հանրահավաքի. Միքայել Մելքումյան

17 կուսակցություններ հանրահավաք են անում, իսկ բողոքի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պատերազմն ավարտելու մասին հայտարարության տակ ստորագրելն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ոստիկանները ճանապարհները փակում են, որպեսզի մարդիկ չգնան հանրահավաքին։

Նշենք, որ այնտեղ 17 կուսակցություններ հանրահավաք են անում, իսկ բողոքի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պատերազմն ավարտելու մասին հայտարարության տակ ստորագրելն է։ Ոստիկանները բերման են ենթարկում մարդկանց, սակայն Ազատության հրապարակում արդեն հազարավոր մարդիկ են հավաքվել։

«Չնայած բոլոր ճանապարհները փակել են, մարդիկ ոտքով են գալիս ու միանում մեզ, հանրապետության բոլոր մարզերից ու գյուղերից Երևան են շտապում մեր հայրենակիցները։ Այստեղ են շտապում նաև Արցախից եկած մեր հազարավոր քաղաքացիները։ Բոլորս պետք է հասկանանք` եթե տանք Արցախը, հանձնելու ենք նաև Հայաստանը»,–ասաց Մելքումյանը։ 

Նա հավելեց` եթե պետք է այդ տարածքները հանձնեին, ինչո՞ւ այդքան զոհ տվեցինք։

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ խաղաղ, անցնցում, անարյուն իշխանափոխություն պետք է լինի, քանի որ հայ ժողովրդի վաղվա օրն է վտանգված։ Նա ասաց նաև, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի։ Բողոքի ակցիան շարունակվում է։

Արցախի չորս կուսակցություններ միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն