ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի- Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումները Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիների հետ կանցկացնի առանց իր առաջատարի՝ Հենրիխ Մխիթարյանի, որին «Ռոման» չի թույլատրել միանալ հավաքականին։
Կորոնավիրուսը հերթական անգամ ուղղումներ է մտցնում ֆուտբոլային որոշումների ու խաղերի մեջ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համավարակի պատճառով չի կարող միանալ ազգային հավաքականին։ Իտալական «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Մխիթարյանը, գրություն է ուղարկել ՀՖՖ` խնդրելով ազատել հայ ֆուտբոլիստին հավաքականին միանալու հնարավորությունից, քանի որ ջալոռոսիների կազմում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկի թեստը դրական է եղել։
Բացի այդ ստացվել է նաև գրություն, որում նշվել է, որ ըստ Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքի «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև` միանալ իրենց երկրների հավաքականներին: Նոր կանոնը վերաբերում է նաև «Միլանին», «Ինտերին, «Ֆիորենտինային», «Ջենոային», այսինքն՝ բոլոր այն ակումբներին, որոնք ներկայացնում են Իտալիայում կորոնավիրուսի օջախի առավել մեծ տարածում ունեցող շրջանները:
«Իմ ազգի համար». հաղթական խաղից հետո Մխիթարյանը լուսանկար է հրապարակել
ՀՖՖ-ն փորձել է «Ռոմայի» հետ բանակցելով բացառության կարգով Մխիթարյանի համար ապահովել հավաքականին միանալու հնարավորությունը, բայց ապարդյուն։ Հայ ֆուտբոլիստը հաստատել է, որ պատրաստ է միանալ հավաքականին` հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը, սակայն ակումբից ևս մեկ անգամ հաստատել են, որ հարցի դրական հանգուցալուծումը կախված չէ իրենցից։
Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա ժամանել Հայաստան և մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպումներին:
Կհայտնվե՞ն մեր ֆուտբոլիստներն իտալական «Սիենայում». ակումբի հայ սեփականատիրոջ ծրագրերը
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C խմբային փուլում երկու կարևոր հանդիպում պետք է անցկացնի այս պահին խմբի առաջատարների՝ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիների հետ։ Մեր հավաքականն ընդամենը մեկ միավոր է հետ մնում երկու հիմնական մրցակիցներից և խմբում վերջնական հաղթանակի հասնելու լավ շանսեր ունի։ Այդ հնարավորությունը մեր թիմը պետք է փորձի օգտագործել առանց իր ավագի ու առաջատարի: