Նախագահը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին եռակողմ հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին եռակողմ հայտարարությանը: Նշվել է, որ այն լուրջ անհանգստություն է առաջ բերել մեր ժողովրդի մեջ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են կայունության պահպանումը երկրում: 

Հավելենք, որ նոյեմբերի 10-ից հանրապետության նախագահը հանդիպումներ է ունենում Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների ու գործիչների հետ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։