ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներին խնդրում է ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից:
«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
9 կետից բաղկացած հայտարարության մեջ նշվում է, որ Աղդամի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանին:
Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1 – ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: