ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը շարունակում է բուժում ստանալ Երևանի հիվանդանոցներից մեկում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց խոսնակի կինը՝ Գոհար Աբաջյանը։
«Նա գիտակից է, կյանքին ոչինչ չի սպառնում, շարունակում է բուժում ստանալ», - ասաց Աբաջյանը։
Ավելի վաղ սոցցանցերում խոսնակի վիճակի մասին տարատեսակ լուրեր էին շրջանառվում։ Հայտնում էին նաև, թե իբր Միրզոյանը կլինիկական մահ է տարել։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 10-ին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության մասին, ու մի խումբ մարդիկ ներխուժեցին կառավարության գլխավոր մասնաշենք ու Ազգային ժողով։
Իրավապահները հարուցել են քրեական գործ, կան ձերբակալվածներ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։