Երևանի կենտրոնում իրավիճակը թեժանում է. ցուցարարները ծեծել են ոստիկանների

Ոստիկանության աշխատակիցները կանգնած են հանրահավաքի մասնակիցների և կազմակերպիչների միջև ՝ փորձելով առաջնորդներին դուրս բերել բողոքի ցույցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Իրավիճակը Երևանի Ազատության հրապարակում, որտեղ ընդդիմության կողմնակիցները շարունակում են ցույցը, թեժանում է։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները ծեծել են 3 ոստիկանի։

Ազատության հրապարակում բերման են ենթարկում ընդդիմադիր գործիչներին. տեսանյութ

Իրավապահ մարմինների տուժած աշխատակիցներին տարել են ծառայակիցները։

Չնայած Հայաստանում ռազմական դրության ռեժիմին ՝ ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել՝ բողոքելով Արցախի վերաբերյալ երկրի ղեկավարության կողմից եռակողմ հայտարարության ստորագրման դեմ և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Երևանի կենտրոնին են մոտենում ներքին զորքերի, Ազգային անվտանգության ծառայության ուժերը։

Ոստիկանության աշխատակիցները պատ են կազմել հանրահավաքի մասնակիցների և կազմակերպիչների միջև ՝ փորձելով ձերբակալել ակտիվիստներին։

Հայաստանյան 17 կուսակցություններ այսօր` նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ»․ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։