Գագիկ Ծառուկյանը պատերազմի օրերին հանդիպել է ԳՇ պետի հետ, համաձայնեցրել քայլերը. Տոնոյան

Իվետա Տոնոյանն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր սխալները բարդել մյուսների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատերազմի օրերին հանդիպել է զինված ուժերի ԳՇ ղեկավարի հետ։ Ազատության հրապարակում լրագրողներին տեղեկությունը հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության։

Փաշինյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ Ծառուկյանը խոստացել էր կամավորական ջոկատներ կազմել ու Արցախ մեկնել։ Սակայն գուցե այդ ջոկատների` այդպես էլ Շուշի չգնալն է եղել Շուշիի անկման պատճառը։

«Մեր ջոկատները, ինչպես և ասել էինք, ձևավորվել են, և ամեն ինչ համակարգված է եղել պաշտպանության նախարարության հետ։ Թող ԳՇ-ին հարցնեն` որտե՞ղ են եղել մեր ջոկատները։ Փաշինյանը փորձում է իր սխալները բարդել մյուսների վրա։ Փաշինյանի համար մեղավոր են բոլորը, բացի իրենից»,–ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` կարող են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել, թե ո՞ւր են Ծառուկյանի խոստացած օգնություն, ավտոմեքենաները։

Ոստիկանների կուտակումներ և բերման ենթարկվածներ. Ազատության հրապարակում իրարանցում է

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ