Ազատության հրապարակի հանրահավաքի կազմակերպիչների դեմ քրգործ է հարուցվել. ՀՔԾ

Ազատության հրապարակում հայաստանյան 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնում Արցախի շուրջ ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ազատության հրապարակի հանրահավաքի կազմակերպիչների դեմ քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225–րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ)»,–նշված է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

«Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը». Էդուարդ Աղաջանյան

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։