Արման Թաթոյանն այցելել է ոստիկանություն և ԱԱԾ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է ՀՀ ոստիկանություն և ԱԱԾ։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

«Այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ճանապարհները փակել են, որ մարդիկ չգան հանրահավաքի. Միքայել Մելքումյան

Տեղեկացվում է, որ պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։

Հայաստանյան 17 կուսակցություններ այսօր` նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Արցախի չորս կուսակցություններ միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։