Արցախի շուրջ իրավիճակը կարելի էր շտկել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա․ Արթուր Վանեցյան

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարը Sputnik Արմենիայի հետ կարճ զրույցում պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Արցախի հարցում շահավետ լուծման հասնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային ասաց, որ դեռևս ուշ չէ Արցախի հարցի լուծումը հայկական կողմի համար շահավետ հուն տեղափոխելու համար։

«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան

Նրա ղեկավարած կուսակցությունն այսօր ՀՅԴ-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ցույցեր և քայլերթեր է անցկացնում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականն ու Արցախի հարցով պայմանավորվածությունների չեղարկումը։

Վանեցյանն իր կուսակցության անդամներից բաղկացած ջոկատով մասնակցել է վերջին մատական գործողություններին։ Մեր հարցին, թե արդյոք զուտ ռազմական տեսանկյունից հնարավորություն կա՞ր խուսափելու տարածքային կորուստներից, նա պատասխանեց` այդ հնարավորությունը միշտ էլ եղել է։ Այլ հարց է, որ Հայաստանի ղեկավարությունը գործեց ոչ արդյունավետ, ինչն էլ հանգեցրեց նման իրավիճակի։

«Լուծումը պետք է համալիր լինի։ Մենք կարծում էինք և հիմա էլ կարծում ենք, որ դեռ հնարավոր է փոխել իրավիճակը»,-ասաց նա։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` այս պահին արդեն Արցախ են ժամանել ավելի քանի 200 ռուս խաղաղապահներ։ Եվ եթե հիմա Վանեցյանի կուսակցությունն ու մյուսները պահանջում են չեղարկել որոշումը, հասկանալի չէ, թե ինչ է լինելու ռուս զինծառայողների հետ։ ԱԱԾ նախկին ղեկավարից հետաքրքվեցինք, թե ինչ կարծիք ունի այդ հարցի վերաբերյալ։

Վանեցյանը հավատացրեց, որ այդ բոլոր հարցերը կքննարկվեն կառավարության հրաժարականի և պայմանավորվածությունը վերանայելու դեպքում։

ԱԱԾ նախկին տնօրենը հրավիրվել է ԱԱԾ. նա խոստացել է ներկայանալ

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։