Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը, այլ ոչ թե համաձայնագիրը կհրապարակվի մոտ ժամանակներս

Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը կտարածվի միջազգային հարթակներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի -Sputnik. Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, կհրապարակվի մոտ ժամանակներս: Այս մասին «Էխո Մոսկվիի» եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախագահի հայտարարության համաձայն՝ ստորագրվել է հայտարարություն (ոչ թե համաձայնագիր, ինչպես անվանում են ԶԼՄ-ներում), որում հայտարարվում է կրակի դադարեցման մասին ։ Այս հայտարարությունը կհրապարակվի։ Համացանցում շրջում են տեքստեր, բայց ես չեմ կարող հաստատել դրանք ։ Կարող եմ միայն ասել, որ շուտով կհրապարակվի բուն հայտարարությունը», - ասել է Զախարովան: Նրա խոսքով ՝ հայտարարությունը կտարածվի միջազգային հարթակներում:

Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ