Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հրապարակել է իրավախախտների ձերբակալման լուսանկարները

Լուսանկարներն ամենայն հավանականությամբ, արված են ՀՀ կառավարության շենքի նախասրահում ու միջանցքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ում հրապարակել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծողների ու զանգվածային այլ անկարգություններին մասնակցողների ձերբակալության կադրերը։

Հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու. Տիգրան Ավինյան

Լուսանկարներն, ամենայն հավանականությամբ, արված են ՀՀ կառավարության շենքի նախասրահում ու միջանցքներում։

Աղաջանյանը հայտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով (զանգվածային անկարգություններ), 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և 301.1-ին հոդվածի 1-ին մասով (ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, Սահմանադրական դատարանին պարտադրելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 6 քաղաքացի:

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են»,– հայտնում է Աղաջանյանը` վստահեցնելով, որ բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։

Հիշեցնենք` ՀՀ ոստիկանությունն այսօր արդեն հայտարարել էր, նոյեմբերի 9–ի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը ճշտվել է։ Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։

Ռուսաստանն արել է առավելագույնը, ինչ իրեն կարող էր թույլ տալ. Տիգրան Ավինյան

Նրանցից երկուսը Արարատ Միրզոյանին դաժան ծեծի ենթարկածներից են։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսևորած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Քաղաքացիները պահանջում են չեղարկել Արցախին վերաբերող հայտարարությունը

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ