ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով: Facebook–ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմեքենաները»,–գրել է Ստեփանյանը:
Նա նշել է, որ ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9–ի ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10 անգամից ավել հրթիռակոծվել է քաղաքը, Շուշիում թեժ մարտերը շարունակվել են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում