Սամվել Բաբայանը հրաժարվում է «Արցախի հերոս» կոչումից և հեռանում անվտանգության խորհրդից

Գեներալ-լեյտենանտը Արցախի և Հայաստանի ղեկավարների որոշումը «հանցավոր» է անվանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում նա անձամբ է հայտնել։

Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են․ ՀՀ ՊՆ

«Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը, և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը»,- գրել է Բաբայանը։

Նա հավելել է, որ այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում։ Հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի այս տարիների ընթացքում զոհել ենք հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։

«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ»,- գրել է Բաբայանը։

Գեներալ-լեյտենանտը նշել է, որ որպես բողոք «այս հանցավոր գործողությունների»՝ դադարեցնում է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի իր լիազորությունները։

Նշենք, որ Սամվել Բաբայանը Շուշիի ազատագրման օպերացիայի հիմնական չորս ուղղություններից մեկի հրամանատարն է եղել։ Նա «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր 1997 թվականին։ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2020 թվականի մայիսի 29-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ