Պարտված առաջնորդը պետք է հեռանա. Մարուքյանը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Ընդդիմադիր գործիչը նշում է, որ հայ ազգը չի կարող պարտվել, պարտվել է ղեկավարությունը և պետք է հեռանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր ուղիղ եթերում ասաց, որ իրենք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանն Արցախի հետ միասին 42 հազար քառակուսի կմ էր։ Այժմ չկա արդեն այդ Հայաստանը` նրա ստորագրած հայտարարության պատճառով։ Ուրեմն Փաշինյանն էլ չպիտի լինի այս Հայաստանի ղեկավարը։ Հայ ազգը չի կարող պարտվել, պարտվել է ղեկավարությունը, և այն` ի դեմս Նիկոլ Փաշինյանի պետք է հեռանա», – ասել է Մարուքյանը։

Օնիկ Գասպարյանն ինձ ասել է` 7 օր հնարավորություն տվեք հայկական զինված ուժերին. Մարուքյան

Նա հույս է հայտնել, որ ինչ-որ մեկը հեռախոսը կվերցնի Փաշինյանի ձեռքից, քանի որ նրա կոչերը հրահրում են քաղաքացիական պատերազմ երկրի ներսում։

«Մեզ 40 օր ասում էին, որ մենք հաղթում ենք ու հանկարծ ասացին` պարտվում ենք։ Միայն ժողովրդին չեն խաբել, մեզ էլ են խաբել։ Ես վարչապետի հետ փակ հանդիպում եմ պահանջել հայտարարությունը ստորագրելուց մեկ օր առաջ։ Նա ասել է` վիճակը կկայունանա, նոր կխոսենք։ Ես ասացի` վիճակն անկայուն է, դրա համար էլ պետք է խոսենք հիմա։ Ժամեր հետո ստորագրվեց հայտարարությունը», – ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` այդ խայտառակ փաստաթղթի հետ հայ ժողովուրդը չի կարող համաձայն լինել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ