Օնիկ Գասպարյանն ինձ ասել է` 7 օր հնարավորություն տվեք հայկական զինված ուժերին. Մարուքյան

Մարուքյանի խոսքով` ԳՇ պետն ասել է իրեն, որ պատերազմը չի ավարտվել և հայկական ստորաբաժանումները դեռ պայքարում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր Facebook-ի ուղիղ եթերում ասաց, որ ժամեր առաջ հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։

«Նա ինձ համար այս պահին ամենավստահելի մարդն է։ Երբ ներկայացրի նրան մեր առաջարկը` ռազմական դրությունը հանելու մասին, նա մեզ հորդորեց նման բան չանել։ Ասաց` 7 օր հնարավորություն տվեք հայկական զինված ուժերին։ Պատերազմը չի ավարտվել և հայկական ստորաբաժանումները դեռ պայքարում են»:

Պահի հրամայականը. Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում խուսափել քաղաքացիական պատերազմից

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ այսօր Օնիկ Գասպարյանը Փաշինյանի հետ ևս խոսել է։

Մարուքյանի խոսքով` նա երեկ ԱԺ–ում սպասում էր, որ «Իմ քայլի» պատգամավորները գան և ընդհանուր ելք որոշվի իրավիճակից։ Բայց նրանք այդպես էլ չեկան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ