Կաթողիկոսը իշխանություններին կոչ է անում անհապաղ բացատրություններ ներկայացնել

Ամենայն հայոց կաթողիկոսը շեշտում է՝ հիմա առավել, քան երբևէ թիկունքը պետք է ամուր լինի, որպեսզի չվտանգենք առաջնագծում խրամատներում ծառայությունը շարունակող զինվորի կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ժողովրդին, որում նաև կոչ է արել Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնել ժողովրդին՝ մեկնաբանելով կայացված որոշումներն ու մեր երկրի համար ապագայում դրանց ազդեցությունը։

Արմեն Սարգսյանը մամուլից է իմացել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին

«Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։ Ծանր բաժին է ընկել մեզ բոլորիս, բայց նաև պատասխանատվություն՝ ի շահ հայրենիքի գործելու սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ և անսակարկ վճռականությամբ»,- նշված է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում։

Վեհափառը հորդորւմ է հանդարտություն պահպանել և չտրվել փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։ Կաթողիկոսն ընդգծում է՝ առկա ճգնաժամը պետք է կարգավորվի Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով։

Ամենայն հայոց կաթողիկոսը շեշտում է՝ հիմա առավել, քան երբևէ թիկունքը պետք է ամուր հաստատուն մնա, մենք չպետք է վտանգենք առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը։ Լուծումներն ու ելքերը պետք է գտնել միասնաբար հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի։

«Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։ Մենք խոնարհվում ենք մեր հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև և բարձրորեն գնահատում ենք ազգիս յուրաքանչյուր զավակի անձնվիրումն ու զոհողությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստությանը։ Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին»,- եզրափակել է վեհափառը։

Փաշինյանը հայտնել է՝ որտեղ է ինքը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ