ՀՀԿ-ն երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկներ է ներկայացրել նախագահին

Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշակի առաջարկներ ունի երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ ՀՀԿ–ականներն իրենց առաջարկների մասին հայտնել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես տեղեկացնում են նախագահականի մամուլի ծառայությունից, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ հայտարարությանն ու դրա դրույթներին:

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

«Սարգսյանն ասել է, որ համազգային նշանակություն ունեցող ցանկացած հարցի լուծման պարագայում, ինչպիսին նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, կարևոր է համազգային կոնսենսուսը: ՀՀԿ ներկայացուցիչները իրենց տեսակետներն են ներկայացրել հիշյալ հայտարարության տեքստի և դրա հետագա գործողության, առկա ռիսկերի վերաբերյալ։ Նրանք մտահոգություն հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հանդես գալով նաև որոշակի առաջարկներով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր նախագահը հանդիպել էր ինչպես ՀՅԴ ներկայացուցիչների, այնպես էլ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ