Հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետի խոսքով` 90-ականներին հայկական բանակն օգտվեց Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական խժդժություններից։ Այժմ չի կարելի նույնը թույլ տալ Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում հեղաշրջում չի լինելու, պետականությունը որոշ քաղաքական ուժերի ամբիցիաներին զոհ չի դառնալու։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Թավիշ` այն մարդկանց հանդեպ, որոնք հարձակվել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա, վարչապետի խոսնակի վրա, չի լինելու։ Եթե պետք է, այս իշխանությունները կգնան, կգան նորերը, բայց երբևէ մեր թիմը հեղաշրջում թույլ չի տալու։ Նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու», – ասաց Ավինյանը։

Փոխվարչապետի խոսքով` 90-ականներին հայկական բանակը օգտվեց Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական խժդժություններից, այժմ չի կարելի նույնը թույլ տալ Հայաստանում։ Նա ասաց, որ եթե ժողովուրդը պահանջ դնի նոր ընտրությունների, իշխանությունը կգնա դրան։

Ռուսաստանն արել է առավելագույնը, ինչ իրեն կարող էր թույլ տալ. Տիգրան Ավինյան

«Եթե մեր հեռանալու պահանջը դնի ժողովուրդը, ոչ թե այդ մի քանի կուսակցություններն ու իրենց խուլիգանները, մենք դրան կգնանք։ Ոչ մեկը իր աթոռից չի կառչելու, վստահեցնում եմ ձեզ։ Այսօրվա պաշտոնյան ծանր բեռի տակ է։ Գնալը ազատում կլինի նրա համար։ Ովքեր թերացել են այս ընթացքում, պետք է պատասխան տան, ներառյալ` ես», – ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` հեղաշրջում իրականացնել ցանկացող մարդիկ իրենց հայրենասիրությունը պետք է ցույց տային Շուշիում։

«Ո՞ւր էին այդ թուրք ճղողները, երբ Արցախի նախագահը կոչ էր անում բոլորին գնալ Շուշիի համար պայքարելու։ Իմ գրասենյակի ղեկավարը մասնակցել է Շուշիի համար մարտերին, իմ գրասենյակից երկուսը այժմ վիրավոր պառկած են։ Այդ մարդիկ մտել են իմ գրասենյակ և գողացել են իմ Ավետարանը, որովհետև մտածել են, որ ոսկեզօծ է», – ասաց փոխվարչապետը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Քաղաքացիները պահանջում են չեղարկել Արցախին վերաբերող հայտարարությունը

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ