ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կոչ է արել հայությանը շարունակել աջակցել Հայաստանին և Արցախին։ Հանձնակատարի Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նրա ուղերձը։ Սինանյանն ընդգծել է՝ պատմության այս դժվարին պահին մեր միակ փրկությունը հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունն է:
Նրա խոսքով՝ հիմա հայ զինվորի, սպայի ու բանակի առջև խոնարհումի ժամանակն է, պառակտիչ գործողություններն էլ հայրենիքի ու պետականության դեմ են։
«Գիտակցում եմ, թե որքան դժվար է այս իրավիճակը յուրաքանչյուրիս համար թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում, որքան խորն է վերքը բոլորիս սրտերում, սակայն խնդրում եմ ձեզ պահպանել հանդարտություն, համբերատարություն և շարունակել կանգնած մնալ Հայաստանի և Արցախի կողքին»,- նշված է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ուղերձում։
Նա կոչ է արել չտրվել հույզերին և սթափ դատել։ Շեշտել է՝ հիմա համահայկական միասնականության ու համերաշխության կարիք կա, այլապես անդառնալի կկորցնենք շատ ավելին:
Պրագմատիկների ժամանակը, կամ ինչպես է սփյուռքն օգնում Հայաստանին ու Արցախին
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ