Երեխան եղել է մեքենայի մեջ. ՄԻՊ–ը դատապարտել է Միրզոյանի հանդեպ կիրառված բռնությունը

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Ազգային ժողովի մոտ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում կոչ է անում այս դժվար օրերին իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, որևէ կոչ կամ հնարավորություն բացառել։ 

«Այս ճակատագրական օրերին մեզ առավել քան երբևէ` անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Անընդունելի, դատապարտելի է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,–գրել է ՄԻՊ–ը։

Նրա խոսքով` յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան: Թաթոյանը հիշեցրել է` սահմանին գտնվող զինվորներն են հիմա պաշտպանում մեր պետականությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցները ծեծել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Արարատ Միրզոյանն այս պահին վիրահատվում է. Նիկոլ Փաշինյան