Ցուցարարները ցանկանում են պաշտոնանկ անել Փաշինյանին. հնարավո՞ր է

Կան մի քանի պատճառներ, որոնք ընդդիմադիր կուսակցություններին թույլ չեն տալիս վարչապետի իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Երևանում տեղի ունեցած գիշերային անկարգությունների ֆոնին ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչն այս պահին քիչ հավանական է։

Փաշինյանը հայտնել է՝ որտեղ է ինքը

Մի քանի խոչընդոտ կա։ Հաշվի առնելով, որ 132 մանդատներից 88-ը պատկանում է իշխող «Իմ քայլը» դաշինքին, մյուս կուսակցությունները չեն կարող իմպիչմենտ ներկայացնել։  Դրա համար պետք է մանդատների կեսից ավելին։

Թեև պետք է նշել՝ 2018-ին ժողովուրդը ստիպեց, որ խորհրդարանն ընտրի Փաշինյանին՝ չնայած այն ժամանակ ԱԺ-ում մեծամասնություն էր կազմում Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

Հնարավոր է, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պատճառով է «Իմ քայլի» պատգամավորներին ԱԺ հրավիրել արտահերթ ժողով անցկացնելու համար։ Առանց Փաշինյանի դաշինքի պատգամավորների նրանք չեն կարող քվորում ապահովել։

Մեկ այլ խոչընդոտ է նաև ռազմական դրությունը, որի պայմաններում պարզապես թույլ չեն տա, որ այդ սցենար զարգացում ունենա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ԲՀԿ–ն նախագիծ է պատրաստում ԼՂ-ի շուրջ համաձայնությունը ապավավերականացնելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ