Ցուցարարներն «Իմ քայլի» պատգամավորներին 2 ժամ են տվել. անվտանգությունը երաշխավորում են

Մանվել Եղիազարյանը երաշխավորում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության բոլոր այն պատգամավորների անվտանգությունը, որոնք կմիանան ընդդիմադիր ուժերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Արցախյան ազատամարտի կամավորական «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն Ազգային ժողովից դիմել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին՝ կոչ անելով մինչև կեսօր ներկայանալ խորհրդարան` Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության չեղարկման գործընթացը քաղաքակիրթ ճանապարհով սկսելու համար։

Ի՞նչ էր կատարվում Երևանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո

Եղիազարյանը երաշխավորել է բոլոր պատգամավորների անվտանգությունը, որոնք կներկայանան խորհրդարան։ Հակառակ դեպքում խոստացել է գտնել բոլորին ու ենթարկել պատասխանատվության, նույնիսկ եթե նրանք փախչում են Աֆրիկա։

«Եկեք և կատարեք ձեր աշխատանքը։ Ձեզ ոչինչ չի պատահի», - նշել է նա։

Հիշեցնենք` ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ ընդդիմությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը չեղարկելու նախագիծ է պատրաստում։ Սակայն ԱԺ արտահերթ նիստի անցկացնելու նպատակով անհրաժեշտ քվորում ապահովելու համար պակասում է երկու տասնյակից ավելի ձայն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Քաոսային գիշեր Երևանում. իրադարձությունների ժամանակագրություն

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ