Հայաստան է ժամանել ՌԴ խաղաղապահների 15-րդ ինքնաթիռը

Օդանավերում ոչ միայն խաղաղապահ անձնակազմն է, այլև՝ զրահամեքենաներ և նյութական միջոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահներին տեղափոխող Իլ-76 15-րդ ինքնաթիռը Ուլյանովսկից մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Արցախ է ուղևորվում ՌԴ խաղաղապահների հերթական զորակազմը․ տեսանյութ

«ՌԴ խաղաղապահների ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 15-րդ ինքնաթիռը մեկնել է Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից։ Օդանավում խաղաղապահ զորամիավորման անձնակազմն է, նյութական միջոցներ եւ զրահամեքենաներ», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ