ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Բոլոր քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պատրաստվել վրեժի։ Նա նման կոչով հանդես եկավ Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ` անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Արարատ Միրզոյանին ծեծելու դեպքին։
«Ինչ–որ ստահակ, որը չէր կարողացել մարդ ծեծելու ցանկությանը հագուրդ տալ, հիմա Արարատի Միրզոյանին է ծեծել։ Մտածում է` մարսելո՞ւ է։ Ոչ։ Արարատ Միրզոյանը վիրահատվում է, չնայած վիճակը լավ է։ Նրա կյանքի վտանգ չի սպառնում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` հիմա եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։ Փաշինյանն ասաց` հայրենիք ծախողները մտածո՞ւմ են, թե կարող են հայրենիքի բեռը մեզ վրա թողնել՝ բացառված է։
Նշենք, որ Ազգային ժողովի մոտ ի պատասխան Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի դեմ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները ծեծել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
Որոշ ժամանակ մեքենայի մեջ մնալուց հետո, ի վերջո, ցուցարարները թույլատրեցին, որ վնասվածքներ ստացած Միրզոյանին հիվանդանոց տեղափոխեն։
Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը բաղկացած է լինելու 1960 զինծառայողներից. ՌԴ ՊՆ
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,–գրել էր Փաշինյանը:
Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ