Արարատ Միրզոյանի գործով արդեն ձերբակալվածներ կան

Ազգային ժողովի նախագահի վրա հարձակվելու պահին մեքենայում է եղել նրա երեխան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ արդեն 2 ձերբակալված կա։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են դեռ ձերբակալված, բայց կարևոր է արձանագրել, որ հանցագործների ձերբակալությունները սկսված են»,- նշեց նա։

Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց պահպանել հանդարտությունն ու ռազմական դրությամբ պայմանավորված իրավական ռեժիմը և համախմբվել Հայաստանի Հանրապետության շուրջ հանուն պետության և ժողովրդի, հանուն Արցախի։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս գիշեր համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Ցուցարարների մի խումբ ջարդուփշուր է արել պատգամավորների աշխատասենյակները

Նա նշեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, և շեշտեց, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ ՀՀ վարչապետը գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ Արարատ Միրզոյանին վիրահատում են, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի ուշ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արարատ Միրզոյանի դեմ հարձակումը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ և տեղեկացրեց, որ այդ պահին Միրզոյանի երեխան մեքենայի մեջ է եղել։