Այդ մասին հայտարարության մեջ բառ չկա. Պեսկովը՝ Ղարաբաղում թուրքերի ներկայության մասին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Ղարաբաղում թուրք զինվորականների տեղակայման մասին պայմանավորվածություն չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարց ոչ մեկի հետ չի համաձայնեցվել։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ես կարող եմ դա մեկնաբանել հետևյալ կերպ՝ հրապարակված հայտարարության տեքստում այդ մասին ոչ մի բառ չկա։ Այդ մասին երեք կողմերը չեն պայմանավորվել, և թուրք զինվորների ներկայությունը Ղարաբաղում համաձայնեցված չի եղել», - լրագրողներին հայտնել Է Պեսկովը:

Ըստ նրա՝ խոսվել է ադրբեջանական տարածքում մշտադիտարկման կենտրոն ստեղծելու մասին։ «Դա Ադրբեջանում է և առանձին պայմանավորվածության առարկա։ Դա Ղարաբաղը չէ», - ասել է նա։

Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ