Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը համամիտ չէ Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի կիսում այդ հարցի վերաբերյալ Անկարայի տեսակետը:

«Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ասելով, որ չենք տեսնում այդ խնդրի ուժային, ռազմական լուծում։ Ինչպես դուք հավանաբար բազմիցս լսել եք, Անկարայից այլ հայտարարություններ են հնչել այդ կապակցությամբ։

Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այդ ճգնաժամի լուծման ուժային ուղին, և մենք հենց ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասել Է Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Պուտինն ու էրդողանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի դադարեցնի պայքարն այնքան ժամանակ, մինչև Լեռնային Ղարաբաղը չանցնի նրա լիակատար վերահսկողության տակ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում