Վանդալիզմ Արցախում. ադրբեջանցի զինվորականները պղծել են հայկական խաչքարը

Ադրբեջանցների նկարահանած և տարածած տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են նրանք վարվում հայկական հուշարձանների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի- Sputnik. Ադրբեջանցի զինծառայողները պղծել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկում տեղադրված խաչքարը: Այս մասին վկայում է սոցցանցերում տարածված տեսանյութը, որը նկարահանվել է հենց Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից։

Լիոնի վանդալիզմը պարունակում է ցեղասպանության կրկնման սպառնալիք. ՀՀ ԱԳՆ

Կադրերում երևում է, թե ինչպես է նրանցից մեկը կատաղի կերպով հարձակվում հուշարձանի վրա և փորձում պոկել խաչքարի վրա տեղադրված զանգը։ Նրան հաջողվում է իրականացնել իր մտածած բարբարոսությունը, հետո ադրբեջանցի զինվորականը զանգը նետում է խաչքարի մոտ: Ընդ որում, տղամարդն անպարկեշտ հայհոյում և վիրավորում է հայերին։ Այս ամենին բուռն են արձագանքում նրա ընկերները։

Հայ օգտատերերը նշում են, որ այդ հուշարձանը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Որոտան ռազմական ավանում։ Խաչքարը նվիրված է Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նշենք, որ հոկտեմբերի 8–ին Ադրբեջանի ԶՈւ–ն 2 անգամ հարվածել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն (Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի): Արդյունքում տաճարը լրջորեն վնասվել է։

Հայաստանը Շուշիի եկեղեցու նկատմամբ վանդալիզմի փաստով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով հակամարտության կարգավորման մասին, հայերին «մշակութային ինքնավարություն» էր խոստանում: