ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Անցած գիշերվա ընթացքում Թբիլիսիում ընդդիմության բողոքի ակցիան ցրելու ընթացքում մոտ երեսուն մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Հանրահավաքը ցրելու ընթացքում ոստիկանական ուժերը ջրցան ու արցունքաբեր գազ են կիրառել։
Ներքին գործերի նախարարությունն իր հերթին նշել է, որ տուժածների շրջանում կա 14 ոստիկան, ակցիայի 10 մասնակից ու 3 լրագրող։
Հայտնի է, որ ընդդիմությունը Թբիլիսիում չի ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու նոր քվեարկություն է պահանջում։ Ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում կայացած մեծ հանրահավաքից հետո, ցուցարարները տեղափոխվել են ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ու պահանջել են ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիայի հրաժարականը։
«ԹՎ Փիրվելի» հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց անցկացվող ակցիան ցրելու ժամանակ 14 տուժած տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց շարքում են «Ֆրոմուլա» հեռուստաընկերության լրագրողն ու «ԹՎ Փիրվելի» հեռուստաալիքի օպերատորը, որը շտապ վիրահատության կարիք է ունեցել։
Բողոքի ակցիաներ Վրաստանում. ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ակտիվիստի