Շուշիի համար համառ մարտերը շարունակում են, գերեվարվել է թշնամու 2 զինծառայող

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Տեղեկությունը Տելեգրամ–ալիքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող:

Նշենք, որ արդեն 4–րդ օրն է բերդաքաղաք Շուշիի համար թեժ մարտեր են ընթանում։ Թշնամին փորձում է գրավել անառիկ քաղաքը։

Թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ․ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:

Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։

Տեղեկացվում էր, որ թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում