Սարումյանն ասել է` ինչ գին են վճարում ադրբեջանցիները Շուշիում դրոշ բարձրացնելու համար

ԱՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և 1-2 րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր առաջ խնդիր է դնում Արցախի որևէ բնակավայրում դրոշակ բարձրացնելը՝ առանց հաշվի առնելու այդ գործողության գինն ու կորուստները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը՝ պարզաբանելով ադրբեջանական աղբյուրներում այսօր տարածված տեսանյութը, որում ադրբեջանցիները դրոշ էին բարձրացրել Շուշիում։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր առաջ դնում է խորհրդանշական խնդիր և այդ խնդիրը կատարելու համար պատրաստ է հաշվի չնսստել որևէ կորստի հետ։Վստահեցնում եմ` այդ դեպքում ցանկացած պատերազմում, ցանկացած պարագայում հնարավոր է, որ մի դիվերսիոն խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և 1-2 րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այս կերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»,-ասաց Սարումյանը։

Նշենք, որ արդեն 4–րդ օրն է` բերդաքաղաք Շուշիի համար թեժ մարտեր են ընթանում։ Թշնամին փորձում է գրավել անառիկ քաղաքը։

Առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են:

«Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք»․ Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:

Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։

Տեղեկացվում էր, որ թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում