ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. 17 կուսակցություն հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարություն հրաժարականը։
«Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին»,- նշված է հայտարարության մեջ:
Քաղաքական ուժերի կարծիքով՝ այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը:
«Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը: Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաև տարածքային լրջագույն կորուստների առջև: Ուստի իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական և բարոյական հիմքերից»,- նշել են նրանք:
Կուսակցություննը կարծում են, որ անդառնալի կորուստները կանխելու համար գործող իշխանությունը պետք է հեռանա։
«Պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը,. իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը»,- շեշտել են նրանք:
Հայտարարության վերջում նշվում է, որ իրենց պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով և այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում:
Հայտարարության տակ ստորագրել են․
- «Ազատություն» կուսակցություն,
- «Ազգային անվտանգություն» կուսակցություն,
- «Ազգային օրակարգ» կուսակցություն,
- «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն,
- «Ազգային համաձայնություն» կուսակցություն,
- «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն,
- «Երկիր Ծիրանի» կուսակցություն,
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն,
- «Համերաշխություն» կուսակցություն,
- «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն,
- «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն,
- «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն,
- «Հայրենիք» կուսակցություն,
- «Մեկ Հայաստան» կուսակցություն,
- «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում