«Մատ տեռորին». Արոնյանն ու ընկերները կրկին գումար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Հայ շախմատիստը շարունակում է բարեգործական միջոցառումներով հայոց բանակի համար հանգանակություն կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն իր ընկերների հետ կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակել է 1 358 000 դրամ, որը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Տեղեկությունը հայտնում է Infocom տելեգրամ ալիքը՝ հղում անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին։

Տելեգրամ ալիքը հրապարակել է նաև Արոնյանի, նրա ընկերուհու՝ Անիի և Արշամյանի համատեղ լուսանկարը։

Նշենք, որ Լևոն Արոնյանն իր ընկերների հետ շարունակում է հանգանակությունը։

«Որ հայերին աշխարհի երեսից չջնջեն»․ զրույց հիմնադրամին 1 մլն նվիրած 102–ամյա հայուհու հետ

Նոյեմբերի 9-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մոտ 170 միլիոն դոլար է ստացել։ Իրենց շռայլ նվիրաբերություններով աչքի են ընկել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը (3,5 միլիոն դոլար), «Հայ գործարարների միության նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը (3 միլիոն), Manoogian Simone Foundation հիմնարդամի նախագահ Քրիստին Սիմոնը (3 միլիոն), «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» հոգաբարձու Էդիլ Հովնանյանը (3 մլն դոլար), «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը (1 մլն դոլար), ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը (1 մլն դոլար), Սան Պաուլոյում Հայաստանին հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրումյանն ու Հայկական ավետարանչական եկեղեցին մեկական միլիոն դոլար են փոխանցել։ Նրանց միացավ նաև Ֆրեզնոյից Քնարիկ Մարտիրոսյան տատը։

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը