Ինչպես Հունաստանը կարող է օգնել Հայաստանին․ Սարգսյանի հարցազրույցը Kathimerini թերթին

ՀՀ նախագահի խոսքով՝ Հայաստանը և Հունաստանը կարող են միավորել քաղաքական կշիռը և հնարավորությունները` իրական միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը հաշվետու լինեն իրենց ապակայունացնող գործողությունների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն ու Հունաստանը կարող են օգտվել ընդհանուր աշխարհաքաղաքական տեսլականից և երկկողմ ռազմավարական հարաբերություններից՝ միասին ինստիտուցիոնալիզացնելով տարածաշրջանային դիրքերը։ Այս կարծիքն է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում։

Գաղտնիք չէ, որ հայ և հույն ժողովուրդները կապված են պատմամշակութային կապերով: Ուստի հարցազրույցը վարող լրագրողին հետաքրքրում է, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը Հունաստանի կառավարությունից և հույն  ժողովրդից Հայաստանի համար այս դժվարին պահին:

ՌԴ-ն ՀՀ-ում դիտարկվում է որպես հակամարտող կողմերի միջև վստահելի միջնորդ. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հունաստանը և հույները հատուկ տեղ են զբաղեցնում հայերի մտքում և սրտում: Այդ  փոխադարձ զգացումը  ոմանք հակված են բնութագրել որպես բնական դաշնակիցների հարաբերություն, սակայն դարեր շարունակ բազմիցս փորձարկվել է հայերի և հույների բնական դաշինքը, և այդ կապերը ձեռք են բերել ոչ միայն պատմական և մշակութային, այլև քաղաքակրթական բնույթ՝ հիմնված մարդկանց միջև համակրանքի, միանման մտածելակերպի, պատմական ճակատագրի և, ինչ-որ առումով, միմյանց նկատմամբ ձգողականության վրա:

ՀՀ նախագահը շեշտել է, որ հայ և հույն ժողովուրդների միջև քաղաքական կայուն հարաբերությունների վառ օրինակներից մեկը Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական եռակողմ գործընկերությունն է, որը նպաստում է քաղաքական-տնտեսական կարողությունների ընդլայնմանը տարածաշրջանային ավելի լայն մակարդակում:

Մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ. ՀՀ նախագահ

«Քանի որ մեր շահերին և անվտանգությանը սպառնացող վտանգը գալիս է նույն աղբյուրից, Հունաստանն ամուր դիրքեր ունի եվրոպական ինստիտուտներում և մասնավորապես ՆԱՏՕ-ում՝ ճնշում գործադրելու հանդուգն և ավելի ու ավելի անվստահելի դարձող Թուրքիայի վրա: Հունաստանն այդ կառույցներում կարող է արտահայտել իր օրինական մտահոգությունները և առաջարկել գործողությունների փաթեթ՝ հիմնավորելու կամ անհրաժեշտության դեպքում ներկայացնելու նաև Հայաստանի տեսակետն այս հարցում»,-ասել է Սարգսյանը:

Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից

Նրա խոսքով՝ Հայաստանը և Հունաստանը  կարող են միավորել քաղաքական կշիռը և հնարավորությունները` Արևմուտքում գտնվող այլ դաշնակիցների հետ միասին իրական միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանն ինստիտուցիոնալ կերպով հաշվետու լինեն իրենց ապակայունացնող և ապակառուցողական գործողությունների համար: Արմեն Սարգսյանը վստահ է, որ ժամանակն է գործել ռազմավարական համակարգման տրամաբանության շրջանակում: