Հայաստանում ներկա իրավիճակում լոքդաուն հայտարարել հնարավոր չէ. Թորոսյան

Վարակի տարածման գործոններից է զոհված զինծառայողների հոգեհանգստի ու թաղման արարողություններին մեծ թվով մարդկանց մասնակցությունը, ինչը ներկա իրավիճակով հնարավոր չէ արգելել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի տարածումը կանխելու միակ տարբերակը քաղաքացիների զգոնությունն է։ Նման կարծիք այսօր ԱԺ—ում, 2021թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Բոլոր վիրավորները բուժման հնարավորություն ունեն, իսկ կորոնավիրուսի համար հերթ է

«Նոր միջոցառում, որպեսզի թվերը զսպվեն, օրինակ` լոքդաուններ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ես չեմ պատկերացնում»,– ասաց Թորոսյանը` հավելելով, որ դա պայմանավորված է երկրի ընդհանուր վիճակով։

Որպես վարակի տարածման գործոններ նախարարը նշեց զոհված զինծառայողների հոգեհանգստի ու թաղման արարողություններին մեծ թվով մարդկանց մասնակցությունը, ինչը ներկա իրավիճակով հնարավոր չէ արգելել, զորահավաքների, Արցախին մատակարարվող օգնությունների հավաքման գործընթացները, որոնցում ևս դժվար է վերահսկել համաճարակային իրավիճակը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1042–ով և դարձել 107466։