Բոլոր վիրավորները բուժման հնարավորություն ունեն, իսկ կորոնավիրուսի համար հերթ է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ պատգամավորներին ներկայացրեց հայաստանյան բուժհիմնարկների աշխատանքային ծանրաբեռնվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում 2021թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ առողջապահական համակարգի կարողությունները 100 տոկոսով բավարարում են արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնությունը կազմակերպելու համար։ Նա վստահեցրեց, որ համակարգը նաև պահեստային կարողություններ ունի հնարավոր զարգացումների համար։

Կորոնավիրուսային իրարանցում. որ դեպքում պետք է KT անել, որ դեպքում՝ ռենտգեն

Փոխարենը կորոնավիրուսի համար ռեսուրսները սահմանափակ են, և այդ իսկ պատճառով դրանք օգտագործվում են ըստ ցուցումների։

«Ցուցումները պացիենտների առողջական վիճակն է` ծանրից մինչև թեթև. ծանր կամ ծայրահեղ ծանր պացիենտներին բուժօգնություն ցուցաբերել հիվանդանոցներում, ծանրից ավելի թեթևներին, միջին ծանրության հիվանդներին փորձել բուժել տանը»,– պարզաբանեց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ այսօր առավոտյան 09։00-ի դրությամբ 861 քաղաքացի սպասում է հիվանդանոցային բուժում ստանալու իր հերթին։

«Նրանց մի մասը, իհարկե, գտնվում է այլ ԲԿ–ներում ու սպասում են տեղափոխման, բայց մեծ մասը գտնվում է տանը։ Նրանցից 113-ի մոտ թթվածնի սատուրացիան` պարունակությունն արյան մեջ, ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր վիճակ է, 271-ի մոտ թթվածնի սատուրացիան տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը նույնպես ուղիղ ցուցում է հոսպիտալացման, և նրանց վիճակը բնութագրվում է ծանրին մոտ կամ ծանր, և կա 101 քաղաքացի, որոնց մոտ սատուրացիան 91 տոկոսից բարձր է»,– ասաց Թորոսյանը։

Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ առողջապահական մարմինները փորձում են ամեն կերպ նվազեցնել հոսպիտալացման սպասող հիվանդների հերթը, բայց այն հակառակ բոլոր ջանքերի` օր օրի միայն աճում է` վարակված քաղաքացիների թվի աճին զուգահեռ։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1042–ով և դարձել 107466։

Covid-թեստերի գներն առաջիկայում կէժանանան. Հայաստանը նոր թեստեր է ներկրում